araspel

index

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ

Ավո` Մոնթե Մելքոնյանի հիշատակին

 By A. Ghaziyan

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

Հրամանատարը գնում էր դիտարկելու, հետևելու ու ղեկավարելու մի չափազանց կարևոր ռազմական գոծողություն: Փորձառու ու անձնվեր խորհրդատուի հետ միասին մշակել էին բոլոր մանրամասները, նախատեսել հնարավոր ելքերը, ճշտել մասնակիցների, տեխնիկայի թիվը, կազմը, ջոկատների շարժման ուղղությունները և այլն և այլն: Համողված էր հաջողության մեջ, բայց ո՞վ գիտի, ինչե՜ր չեն լինում մարտի դաշտում, ի՜նչ անակնկալներ չեն դարանակալած սպասում կռվող կողմերին: Եվ ինչե՜ր չի տեսել նա այս երկու տարում. արյուն, արցունք, խուճապ, փախուստ, ավեր-ավար, կրակ ու մոխիր, զինակից ընկերների, մտերիմների կորուստ: Մինչև ե՞րբ, տեր Աստված, մինչև եր՞բ, հարց էր տալիս նա ինքն իրեն, խորասուզված ինքն իր մեջ, վերացած շրջապատից, մի՞թե հայ մարդուն միայն այդ է վիճակված:

Յոթ հոգով էին. հրամանատարի երեք զինակից ընկերները, թիկնապահ-ընկերը[1], կապավորն[2] ու վարորդը: Զինվորական մեքենայի լույսերի ճառագայթները մեկ սահում էին. մեկ ոստոստում ճանապարհի հարթ մակերեսի վրա` թրատելով ամառային կարճատև գիշերվան հաջորդող ադամամութը: Նրա մտացրիվ հայացքը բռնեց լույսի ճառագայթների մեջ խղճճված արջանման երկու կենդանու: Մանկական հրճվանքի նման մի զգացում ապրեց նա ներքուստ, որը սթափեցրեց, վերադարձրեց նրան հեռու ու մոտիկ հուշերի աշխարհից ու նա մի պահ աշխուժացավ: Իսկ կենդանիները ոչ մի կերպ չէին կարողանում դուրս պրծնել լույսերի կախարդական օղակից:

‑ Մեղք է, մեղք է, մի սպանիր, — հրամանատարը բռնեց կողքին նստած զինվորականի ձեռքը, որն արդեն պատրաստվում էր կրակել:

Մի քանի րոպե մեքենայի ուղևորները ևս աշխույժ կատակներով հետևում էին կենդանիների հևասպառ վազքին: Քշերե կոչված այդ արարածները «զբոսանքի» են դուրս գալիս սովորաբար գիշերները և գուցե իրենց անունը այդ հատկանիշի պատճառով են ստացել: Անվնաս են, ու ասում են նրանց միսն էլ համեղ է: Վնասում են միայն բանջարանոցները` քանդում, փչացնում են մարգերը: Բայց հիմա նրանք ինչպե՞ս են հայտնվել ուժեղ ու թույլ պայթյուններով, կրակոցներով ներծծված այս տարածության վրա, ուր ոչ միայն բանջարանոց չկար, այլև երեք-չորս տարի է հողն անմշակ է, իսկ այգիները անխնամ էին: Վերջապես կենդանիներին հաջողվեց նետվել ճանապարհամերձ մացառուտները:

Իսկ հրամանատարի մտքում այլ տեսարան է վերակենդանանում, այլ հանգամանքներում արտասանած «մեղք է» բառերը վերհիշում: Մարդկային զանգվածը` հալածված ու խուճապահար անսպասելի հարձակումից խռնվել ու դեմ էր առել Արաքսի վրա ձգված հինավուրց կամրջին: Ոմանք գետն էին նետվում` փրկության ափը հասնելու համար, սակայն քչերն էին հասնում: Պարսիկները սահմանը բացելու հրաման դեռ չունեին: Կանանց ու երեխաների վայնասունը հասնում էր հրամանատարի ականջին: Բոլորը` զարհուրած, սահմանի բացվելուն էին սպասում: «Առաջը ջուր, ետևը սուր»` մտքում անընդհատ կրկնում էր նա: Այդ ե՞րբ եղել այսպիսի բան. մոտ 400 տարի առաջ և ովքե՞ր էին խռնվել, դեմ առել Արաքսի փրփրահույզ, պղտոր ջրերին…

Հարձակվող զորախմբի առաջապահ ջոկատը սպասում էր հրամանի: Զինվորալան մեքենայից հրամանատարը նախազգուշական կարգադրություններ էր անում հրետանուն: Իսկ կապավորը բարձրախոսով միակողմանի վեճ էր վարում փախչող թուրքերի հետ, ավելի ճիշտ` հռետորական հարցեր էր ուղղում նրանց. «Ո՞ւր են ձեր հերոսները», Ո՞ւր են ձեր 7 մլն. ադրբեջանցիները, թող գան ձեզ պաշտպանեն»: «Առաջը ջուր, հետևը սուր», որոճում էր մտքում հրամանտարը, նայելով գետափին խռնված բազմությանը, ապա կենտրոնանում` վերջնական հրաման արձակելու համար:

‑ Մեղք է, հրամանատար, կին-երեխաներ են, թող անցնեն գնան, — կարեկցախառն ձայնով դիմում է կապավորը հրամանատարին: Այդ պահին նա հիշում է երիտասարդ կնոջը, ծեր մորը, երեք մանկահասակ երեխաներին:

Բայց հենց այդ նույն պահին ամբոխի ուղիղ մեջտեղից դեպի առաջապահ ջոկատն է արձակվում մի արկ և կապավորի վերջին բառերը խլանում են պայթյունների մեջ, իսկ վերհուշները հօդս ցնդում ու խառնվում, անէանում փոշու ու ծխի մեջ: Այնուհետև «կրակի» հրամանը հնչում է իսկույնևեթ…

Արդեն լուսացել էր: Արևի դեղնավուն աոսեն դանդաղ դուրս էր սահում Բերդաշենի թիկունքից, իսկ մեքենան հևասպառ մագլցում էր սարն ի վեր` դեպի հրամանատարական դիրքերը, դեպ Մոթ: Այն ամենահարմար դիրքն էր Մեծ նահատակ հովանու ներքո. քանի-քանի անգամ թշնամին փորձեց գրավել Մոթը, մտնել ձորակը: Ապարդյուն… Որքա՜ն տաք գլուխներ մնացին Մոթի ականապատված ստորոտներում…

Մարտադաշտի տարբեր կետերից ստացվող լուրերը ուրախալի էին, ամեն ինչ հաջող էր ընթանում, հաղթանակն ապահովված էր: Բաղմանլարը գրավված էր, Մարզլուն նույնպես, բայց Մարզլուում տակավին դիմադրողներ կային: Այնտես բերդաշենցիրը կարծես թե հապաղում էին: Դե ինչ, գյուղը մեծ է, փռված բլրապատ դաշտավայրում, տները` կորած ծառախիտ, պարսպապատ այգիներում: Հարկավոր էր «ծխահանել» թշնամուն բոլոր ծակուծուկերից:

‑ Հրամանատար, գնանք, տեսնենք ինչ է կատարվում Մարզլուում, — արչդեն քանիերորդ անգամ կրկնում է ճարտարեցի զինվորականը:

Հրամանատարը, սակայն, նտադևություն չուներ Մոթը թողնելու: Իմաստ չկա. կռվի դաշտից արդեն ջոկատները վերադառնում են, բերդաշենցիները իրենք, առանց միջամտության, իրենց գործը կավարտեն:

‑ Գնանք, հրամանատար, գնանք մեր աչքով կտեսնենք պարտված Մարզլուն, — համառում է ճարտարեցին:

‑ Դե լավ, գնանք, — զիջում է աներեր հրամանատարը և նրանք` հինգ զինվորական, ուրախ ու ոգենչնված գործողության արագ ու գրեթե անկորուստ հաղթական ելքից, սրախոսելով ու կատակելով տեղավորվում են մեքենայի մեջ:

Մեքենան հռնդյունով պոկվում է տեղից: Աղմուկից քնից վեր է թռչում մարտունեցի զինվորականը:

‑ Սպասե՛ք, սպասե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս, — բղավում է նա մեքենայի ետևից:

Մեքենան կանգ է առնում:

‑ Դե լավ, արագ հասիր մեզ, — հնչում է հրամանատարի ձայնը:

‑ Ես հրացան չունեմ, — ասում է մարտունեցին ու ձեռքը մեկնում ուղիղ կամավորի հրացանին:

‑ Նայիր, եթե տաս, էլ չես ստանալու, — հրացանատիրոջ հարցումին պատասխանում են մեքենայից:

Մարտունեցին ճանկում է զենքը և վազում դեպի մեքեման` մահվանն ընդառաջ:

Հունիսյան պայծառ առավոտ էր: Երբ մեքենան լեռնային ոլորտներից օտորվելով դուրս սահեց, կռվի դաշտից վերադարձող զինվորներով լի մի բեռնատար էր գալիս դիմացից: Հավասարվելով, ուղևորները մի քանի նախադասություն փոխանակեցին: Հետո` յուրաքանչյուրը շարունակեց իր ճամփան. մեկը դեպի Մարզլու, ուր մարտը դեռ շարունակվում էր, մյուսը` ավետելու այնքան երկար սպասված հաղթության լուրը:

Մարզլուն կորած էր փոշու, ծխի ու կրակի մեջ: Գյուղի տարբեր անկյուններից լսվող կրակահերթերն ու մեծ ու փոքր ուժգնության պայթյունները վկայում էին, որ թշնամին տակավին դիմադրում է, թեև հոգևարք է ապրում արդեն: Հրամանատարի մեքենան առաջ էր գնում կիսաքանդ տների պատերի, պարիսպների, տապալված ծառերի ուղեկցությամբ: Ճանապարհի մի կողմից ձգվում էր խոնավ, բայց անջուր առուն: Գյուղի ծայրամասերում էին: Ճանապարհի դիմաց պատի ետևից երևաց ինչ-որ մեկը:

‑ Տղերք, թուրք է, — անհանգստացավ հրամանատրի թիկնապահ ընկերը:

Կարծես թե նրան չհավատացին: Եվս մի քանի հոգի երևացին ու մի ակնթարթում կրկին անցան պատի ետևը:

‑ Թուրքեր են, — տագնապած պնդեց թիկնապահը` շատ բան տեսած, սառնասիրտ գլուխը վտանգից չկորցնող մի տղամարդ:

‑ Կանգնիր, մի տեսնենք ովքեր են, — կարգադրեց հրամանատարը վարորդին:

Նա առաջինը մեքենայից դուրս եկավ: Պատի ետևից կրակոցներ լսվեցին: Մեքենայից դուրս եկած զինվորականները ցրիվ պառկեցին գետնին ու սկսեցին պաշտպանվել: Թիկնապահ-ընկերը դիրքավորված էր առվում, նա աչքը չէր կտրում հրամանատարից: Պատի ետևից երևաց զրահամեքենայի փողը: Մի արկ պայթեց, բայց ոչ ոք կարծես չվնասվեց: Պայթեց երկրորդը, խոշոր բեկորը խոցեց հրամանատարի գլուխը ետևից, նա անմիջապես տապալվեց գետնին: «Ինձ թուրքի գնդակ չի դիպչի», — շամփչեց թիկնապահի միտքը հրամանատարի բազմիցս արած արտահայտությունը: Նրանք շարունակում էին պաշտպանվել, թեև նրանց ուժերը չափազանց տկար էին: Իր մահվանն ընդառաջ վազող մարտունեցին ծանր վիրավոր էր, անկարող կրակելու: Նա մահացավ մի երկու ժամ հետո: Բերդաշենցին ևս ծանր վիրավորվեց և շատ չանցած նույնպես հոգին ավանդեց: Վարորդը թեև վիրավոր, շարունակում էր պաշտպանվել: Երկուսն էին միայն անվնաս: ռացիան էր փրկության միակ միջոցը, որը գտնվում էր հրամանատարի մոտ: Ինչպե՞ս վերցնել այն ու հայտնել յուրայիններին: Հրամանատարին մոտենալը անհնարին էր…

Թշնամին թեև այնքան էլ շատվոր չէր, բայց արդեն մոտենում էր մեքենային, գետնատարած հրամանատարի դիակին: մեծ ավար էր նրանց խոստանում նշանավոր հրամանատարի անշունչ մարմինը: Եվ ահա այն է, նրանց պիտի հաջողվեր առևանգել դին, երբ բերդաշենցիները վրա հասան: Պաշտպանողներին թվում էր ժամեր են անցել, մինչդեռ անցել էր ընդամենը 20 — 30 րոպե:

Հաղթանակած զինվորները դեռ տուն չէին հասել, երբ ստացան հրամատարի զոհվելու բոթը: Նրանց ցնծությունը խամրեց վշտի ահագնությունից: Մեծ էր կորուստը: Այդ օրը առավոտյան աշանցի մի կին նախաճաշ էր պատրաստել նրա համար` նոր թխած հաց, պանիր, դույլով լի կեռաս, արքայամորի ու մածուն: Հրամանատարը շատ էր մածուն սիրում: Մեքենայով տանում էր նախաճաշը: Ճանապարհի կեսին մեքենան խափանվեց, ուշացավ: Երբ տեղ հասավ, հրամանատարական կետում չարագույժ լռություն էր տիրում: Ու լռության մեջ հնչում էր կարծես` սպանվել է, զոհվել է, զոհվել է…

1993 թ. աշնանը Մարտունու զինվորական շտաբ մտնողները, եթե ուշադիր դիտեին ասֆալտապատ կլոր բակը, կտեսնեին մի ջղամբարե սեղանաձև հուշաքար: Հուշաքարին դրոշմված էր հրամանատարի ողջույնը. «Բարև, ինչպե՞ս ես»: Եվ ապա` «00-ին 22-ից»` հրամանատարի ու նրա հավատարիմ խորհրդականի ծածկագրերը:

[1] Պարսկաստանի Գևորգ, վախճանվել է վերջերս:

[2] Բաղդասար Բաղդասարյան, որի պատմածի հիմա վրա գրվել է այս նյութը: Ողջ է, ապրում է Մարտունիում:

12.06.2011 - Posted by | Armenians, History | , , ,

Комментариев нет.

Оставьте комментарий