araspel

index

Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության ծնունդն ու Բաքվի հայության վիճակը (մինչև 1918 թ. նոյեմբերը)

Azerbaijan Peoples’ Republic

® Araspel index

Ալվարդ Ղազիյան
հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

перевод на русск. см. http://araspel.blogspot.com/p/blog-page_8345.html

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումն աղետալի եղավ Արևելյան Հայաստանի հայության համար: Ռուսաստանը խորհրդայնացած, դուրս եկավ պատերազմից` խաղաղության մասին հրովարտակով: Հրովարտակի հետևանքով ռուսական բանակը լքեց ռազմաճակատը: Ճակատն ամբողջ երկարությամբ մնաց հայկական կորպուսի զորամիավորումների ու հայ կամավորական ջոկատների հույսին:
Ռազմաճակատի փլուզումը նպաստում էր Թուրքիայի հեռահար ծրագրերի իրագործմանը: 1918 թ. հունվարի սկզբներին թուրքական բանակը, խախտելով 1917 թ. դեկտեմբերի զինադադարի համաձայնագիրը, վերսկսեց ռազմական գործողությունները:
Թուրքական բանակի առաջխաղացումն ուղեկցվում էր Անդրկովկասը Ռուսաստանից կտրելու, անջատելու քաղաքականությամբ, որը բացահայտվեց 1918 թ. փետրվարի 10-ին` Անդրկովկասի Սեյմի բացման ընթացքում: Անդրկովկասի թուրքերի ներկայացուցիչներն իրենց հավատակիցների շրջանում աշխատանքներ էին տանում` Անդրկովկասի թրքաբնակ շրջանները` ապագա Ադրբեջանը Թուրքիային միացնելու ուղղությամբ և չէին մասնակցում Սեյմի աշխատանքներին:
Այնուհետև, 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքած ռուս-գերմանական պայմանագիրը, որին Թուրքիան չմասնակցեց, թեև հրավիրված էր, ըստ որի Կարսը, Արդահանը, Բաթումն անցնում էին Թուրքիային, ավելի սանձազերծեց վերջինիս, որ անարգել մտնի Անդրկովկաս: Սեյմի վճռականությունը` թշնամուն դիմադրելու, հաջողություն չունեցավ: Թուրք-մահմեդական պատգամավորները հայտարարեցին, որ չեն կռվի իրենց հավատակիցների դեմ: Եվ ոչ միայն չէին կռվում, այլ գաղտնի ու բացահայտ օգնում էին Թուրքիային, արագացնելով վերջինիս մուտքն Անդրկովկաս: Մյուս կողմից էլ հրահրում էին ազգամիջյան ընդհարումները` հայերի և մահմեդակնների միջև, որոնց կանխել չէր կարողանում Սեյմը, իսկ դրանով Թուրքիայի համար Անդրկովկաս խուժելու պատրվակ էր ստեղծում` մահմեդականներին պաշտպանելու նպատակով:
Եվ 1918 թ. փետրվարի 12-ին թուրքական բանակը վերսկսեց ռազմական գործողությունները:
Նոր ձևավորված, տակավին անկայուն, որոշակի գաղափարախոսություն չունեցող Անդրկովկասի թրքության քաղաքական կազմակերպությունը` Մուսավաթ կուսակցությունը ներկայացնում էր Արևելյան Անդրկովկասի թուրք խոշոր կալվածատերերի ու հողատերերի քաղաքական, տնտեսական շահերը: Այն գտնվում էր Երիտթուրքերի գաղափարական ազդեցության ոլորտներում: Մուսավաթի հեղինակությունը մեծ էր հատկապես մահմեդական բնակչության ցածր խավերում, որոնց շրջանում հետզհետե արմատավորվում էր հավատակիցներին միավորելու գաղափարը : Այդ խնդրում նշանակալից դեր էին խաղում Անդրկովկաս մուտք գործած թուրք էմիսարները, որոնք ջանասիրաբար քարոզում էին պանիսլամիզմի հիմնա-դրույթները  («… Партия хотела использовать положение в целях присоединения Елизаветпольской губернии к Турции. Момент оказался подходящим. Положение в Турции, где царил Энвер-паша, благодаря союзу с немцами, казалось прочными, политический строй Турции гарантировал ханам и бекам сохранность их поместий. Депутаты Мусавата ко времени открытия Сейма были заняты на местах работой по подготовке присоединения Азербайджана к Турции и не могли приехать в Тифлис»,М. Волхонский, В. Муханов, «По следам Азербайджанской демократической республики», Москва, 2007 г., с. 69):
map181918 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Մուսավաթը պաշտոնապես դիմել էր Թուրքիայի երիտթուրքական կառավարությանը` Ռուսաստանի նախկին Ելիսավետպոլի նահանգը Թուրքիային միացնելու խնդրանքով և մերժում էր ստացել: Թուրքիան իր մերժումը կրկնել էր նաև երկրորդ անգամ` հիմնավորելով, որ իր մեծ քաղաքականությունը նախատեսում է Անդրկովկասում ստեղծել ուժեղ, անկախ թուրքական պետություն: Եվ Մուսավաթը համաձայնվել էր այդ տարբերակին («… Более того, лидеры мусаватистов снова попросили о присоединении Азербайджана к Турции и снова их ждало разочарование, хорошо переданное в письме азербайджанской делегации Энвер-паши: “Несмотря на нашу просьбу о полном присоединении мусульманской части Закавказья к Турции, нам мотивированно объяснили, что большая политика Турции требует, чтобы мы были независимы и сильны… Мы приняли эти указания, сознательно согласившись с ними» (М. Волхонский, В. Муханов, указ. раб., Москва, 2007 г., с. 80):
Կարսի, Բաթումի ու Արդահանի գրավումը չգոհացրեց Թուրքիային: Հաղթահարելով հայկական կորպուսի փոքրաթիվ զորամիավորումների ու կամավորական ջոկատների դիմադրությունը, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրքերը մայիսի կեսին հայտնվեցին Արարատյան դաշտավայրում: Ռազմական գործողություններին զուգահեռ Թուրքիան եռանդուն ջանքեր էր գործադրում Անդրկովկասը Ռուսաստանից կտրելու նպատակով և այդ նրան հաջողվեց` շնորհիվ թուրք-մահմեդական պատգամավորների ու վրաց մենշևիկների համերաշխության: Ապրիլի 22-ին Սեյմը հայտարարեց Անդրկովկասի անկախությունը, կատարելով Թուրքիայի պահանջը, որը ներկայացվել էր Տրապիզոնում ընթացող թուրք-անդրկովկասյան բանակցությունների ժամանակ: Անկախ Անդրկովկասի Սեյմում միասնականություն չկար և որևէ կարևոր որոշում հնարավոր չեր ընդունել: Անդրկովկասի Սեյմը երկար չգործեց: Մայիսի 26-ին այն լուծարվեց: Մինչ այդ, մայիսի 25-ին Վրաստանը Անդրկովկաս մտած գերմանական զորախմբի հրամանատարությունից հովանավորություն խնդրեց: Այդ քայլով Վրաստանը կանխեց թուրքերի մուտքը` գերմանացիները թուրքերի դաշնակիցներն էին, իսկ թուրքերը հեռու չէին Թիֆլիսից` ընդամենը 25 կմ: Հայաստանը մնաց մեն-մենակ դարավոր թշնամու դեմ-հանդիման:

Մայիսյան այդ ճակատագրական օրերին հայ ժողովրդին հաջողվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում կոտրել թշնամու հարձակման թափը ու թշնամին ընկրկեց, կենտրոնացնելով իր ուժերը Բաքվի ուղղությամբ:
Այդ նույն ժամանակ` մայիսին, Բաթումում բանակցություններ էին ընթանում Թուրքիայի ու Անդրկովկասի երեք ժողովուրդների գործիչների միջև` յուրաքանչյուրի հետ անջատ-անջատ սեպարատ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով: Բայց պետական կազմավորումներ, իբրև այդպիսիք, տակավին գոյություն չունեին: Մայիսի 26-ին, 27-ին ու 28-ին Անդրկովկասի երեք ժողովուրդները` հայերը, վրացիներն ու կովկասյան թաթարները հռչակեցին իրենց անկախությունը: Պատմության ասպարեզ մտցվեց երկրորդ թուրքական պետությունը` իրականացնելով Թուրքիայի պանթուրքական ծրագրի հիմնական նպատակներից գլխավորը: Իսկ հունիսի 4-ին Թուրքիան հաշտության պայմանագիր կնքեց այդ ինքնակոչ պետության հետ: Այն անվանվեց Ադրբեջանի դեմոկրատական հանրապե-տություն: ԱԴՀ մայրաքաղաքը Գանձակն էր (Գյանջան), նաև` նստավայրը նորահայտ հանրապետության կառավարության:
Թուրքական բանակը` համալրվելով արևմտյան ռազմաճակատից, ամբողջ ուժը կենտրոնացրեց Բաքվի ուղղությամբ` Բաքվի Կարմիր բանակին ընդառաջ, որի նպատակն էր ոչնչացնել Գանձակում ծվարած ինքնահայտ թուրքական պետությունը, Մուսավաթի կենտրոնը, հակահեղափոխության հենարանը: ԱԴՀ-ն «հարկադրված» էր դիմել Թուրքիայի օգնությանը` համաձայն նրա հետ կնքած պայմանագրի 4-րդ կետի: Եվ Թուրքիան օգնության հասավ:
1918 թ. մայիսի վերջին թուրքական բանակը Նուրի փաշայի հրամանատա-րությամբ մտավ Գանձակ: Զինաթափ անելով տեղի հայ բնակչությանը, ապահովելով թիկունքը, այսպես կոչված Իսլամական բանակի գլուխն անցած, այն շարժվեց դեպի Բաքու` Կարմիր բանակին ընդառաջ, ճանապարհին Նուխի, Արեշի հայկական բնակավայրերն ու հայ բնակչությանը մատնելով հրի ու սրի, ավերի, ավարի ու թալանի, կիրառելով նույն ձևերն ու եղանակները, ինչ արևմտահայության նկատմամբ:
Թուրքական բանակն ու նրան միացած տեղի թուրք մահմեդական, քրդական ավազակաբարո ամբոխը 1918 թ. սեպտեմբերի 15-ին` կոտրելով չորս ու կես ամիս տևած Բաքվի պաշտպանների դիմադրությունը, մտան Բաքու: Բաքվի գրավման նշանակության մասին Թիֆլիսի «Борьба»-ն գրել է, որ դա քայլ է «թուրանական գաղափարի» իրականացման ճանապարհին («Взятие Баку есть для Турции большой шаг на пути расширения своего политического влияния на север, на пути к осуществлению «туранской идеи». Перед турецкими империалистами открывается соблазнительная перспектива возможности учреждения своего влияния на Северном Кавказе и собирания вокруг Оттоманской империи мусульманских народностей севера. Также, со взятием Баку, окрылится заветное стремление панисламистов подчинить своему влиянию территорию Закавказья, что представляет опасность и для Грузии». «Борьба», № 170, 18 сентября [1918 г.] («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.», Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմ.` Ս. Միրզոյան, Ա. Ղազիյան, Երևան, 2003, էջ 87):
Թուրք հրամանատարությունը երեք օր քաղաքը հանձնեց արյան ու թալանի տենչանքով բռնված ասկյարների ու ամբոխի տնօրինությանը: Միայն երեք օր հետո Գյանջայից ժամանեց ԱԴՀ կառավարությունը:
Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իշխանությունները, լինելով Թուրքիայի հարազատ զավակը, հայ ժողովրդի հանդեպ ժառանգեցին ու շարունակեցին Թուրքիայի քաղաքականությունը. այսինքն` բնաջնջելով հայ ժողովրդի արևելյան հատվածն ու Հայաստանում ապաստանած արևմտահայոց եղեռնից փրկված բեկորները, վերացնել միակ խոչընդոտը, որ ընկած էր դեպի թուրքական աշխարհ տանող ճանապարհին:
Բաքվի ու Ելիսավետպոլի նահանգների հայաբնակ գավառներում, ուր հայ բնակչությունը բնիկ էր և ապրում էր վաղնջական ժամանակներից ի վեր, շատ ավելի վաղ, քան թուրք քոչվորների այդ գավառներում հայտնվելը, հայկական կոտորածների վերաբերյալ պահպանվել են և հրատարակվել բազմաթիվ պաշտոնական վավերագրեր, հայ և օտարազգի ականատեսների, մասնակիցների վկայություններ, այդ թվում Բաքվի գրավմանը անմիջականորեն մասնակցած Թուրքիայի դաշնակից գերմանացի զինվորականների:

Դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել, իսկ գերմանացի բարձրաստիճան մի զինվորական տեղյակ էր դրանց նպատակներին: Իր պաշտոնական զեկուցման մեջ նա գրում է. «Օգոստոսի 23-ին Մյուրզել փաշան ինձ ասաց Գյուսդեկում, որ թաթարները բացահայտ հայտարարում են, որ խոշտանգելու են հայերին, հենց որ թուրքերը Բաքուն վերցնեն: Ես այս հայտարարության մասին հաղորդել եմ Նուրի փաշային և ժամանակին մի քանի անգամ խնդրել նրան նախապես միջոցներ ձեռք առնի» («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.», էջ 102-103) :
«Թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվի գրավման ժամանակ տեղի ունեցած դեպքերին իրազեկ ականատեսների կարծիքով պարզապես կասկածից վեր է, որ թուրքական հրամանատարները հայերին բնաջնջելու և նվաճված քաղաքը կողոպտելու համար թաթարներին երեք օրով լիակատար ազատություն են տվել: Որքան էլ այդ անըմբռնելի լինի մեզ համար, սխալ կլիներ այս փաստը գնահատել միայն եվրոպական չափանիշներով»` գեներալ ֆոն Կրեսին զեկուցում է բարոն ֆոն դեր Գոլցը (նույն տեղում, էջ 111): Ինքը` բարոն ֆոն Կրեսը նույն բովանդակությամբ «հույժ գաղտնի» հեռագիր է ուղարկում ռայխսկանցլերին (նույն տեղում, էջ 107):
Բաքվի գրավման երրորդ օրը` 1918 թ. սեպտեմբերի 18-ին Նուրի փաշային իրենց բողոքն են ներկայացնում Բաքվում տեղակայված չեզոք երկրների հյուպատոսները: «Մենք` ներքո ստորագրյալներս, չեզոք պետությունների ներկայացուցիչներս, մեր պարտքն ենք համարում մարդասիրական պատճառներով Ձերդ գերազանցությանը` որպես թուրքական զորամասերի գլխավոր հրամանատարի, վճռական բողոք հայտնել սիստեմատիկ գազանությունների և կողոպուտների դեմ, որոնք կատարվել են Բաքու քաղաքի գրավումից հետո»: Իսկ մինչ այդ բողոքել էին իրանական ու դանիական հյուպատոսները (նույն տեղում, էջ 87 — 88): Թեև Մյուրզել փաշան «հանդիսավոր խոստում էր տվել պաշտպանելու քաղաքի բնակիչների կյանքն ու կայքը»` անկախ ազգությունից: Հյուպատոսների բողոքները շարունակվել են, բայց, ինչպես իրադրությունը ցույց է տալիս` ապարդյուն (նույն տեղում, էջ 99):
Սպանությունները կատարվում էին` խոշտանգումների, կտտանքների միջոցով: Օտարազգի ականատեսների վկայություններից բերենք մեկը: Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչը 1918 թ. հոկտեմբերի 5-ին գրում է իր երկրի արտաքին գործերի նախարարին. «Հայկական մեծ թաղամասը, որն այցելեցի, ամբողջությամբ կոտորված էր և լրիվ դատարկ: Բազմաթիվ ապացույցներ ստացա գազանությունների` հիվանդանոցներում հայ բժիշկների, հիվանդների և երեխաների կոտորածի մասին» (նույն տեղում, էջ 104, 112 և այլն): Ընդ որում, ըստ գերմանացի զինվորականի զեկուցագրի, սեպտեմբերի 17-ին քաղաքում շրջելուց հետո մի թուրք պաշտանյա նույնպես խոստովանել է. «Դուք իրավացի եք, քաղաքում սարսափելի բաներ են տեղի ունեցել: Դա հնարավոր չի ժխտել» (նույն տեղում, էջ 104):
Ընդհանուր պատկերն այդ օրերին Բաքվում տիրող մթնոլորտի մասին գերմանական առաքելությանը հավաստի ներկայաց-ված է Թիֆլիսի հայկական հասարակական կազմակերպությունների հուշագրում («Разнузданные воинские части и озверевшие банды врывались в дома армян, убивали, насиловали, грабили и уничтожали. Очевидцы рассказывают о таких ужасах, от которых леденеетт кровь, рассказывают о ребенке, сосавшем в течение трех дней грудь убитой матери, о грузовике, вывозившем из детского приюта беженцев детские труппы, об износиловании дочерей на глазах у родителей и жен на глазах мужей, которых после этого убивали, о смрадном запахе от груд труппов на улицах, благодаря которому трудно было дышать, о потопленных снарядами пароходах, переполненных женщинами и детьми, словом, обо всем том, что известно и Германской Имперской делегации, начальник информационного бюро которой, доктор Цугмайер сам заявил, что «в момент вступления турок в город татары, ввиде реванша, вырезали много армян» (Тифлисск. лист. № 202) и еще, что «число убитых в Баку армян несколько больше убитых в марте мусульман» , — там же, էջ 128’):
Հայերի ֆիզիկական բացահայտ հաշվեհարդարը ուղեկցվում էր թալանով ու կողոպուտներով: Փակ, զմռսված վագոններով Բաքվից Թուրքիա էին ուղարկվում կահույք, տնային իրեր, թանկարժեք առարկաներ և այլն («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.», էջ 92, 111 և այլն): «Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքից շատ բան է տարվում: Բաքու գնալիս մենք հանդիպեցինք կապարադրոշմ վագոններով մի քանի գնացքների: Չնայած դրան, տեղ-տեղ հաջողվեց պարզել, որ դրանց պարունակությունը կահույք է և բամբակ», — ֆոն Կրեսին զեկուցում էր Բարոն ֆոն դեր Գոլցը (նույն տեղում, էջ 118):
Թուրքական բանակի Բաքու ներխուժման առաջին իսկ օրերին ականատեսների, դիտորդների եզրակացությամբ սպանվել է 30 հազար հայ: Դա այն պարագայում, երբ բնակչության զգալի մասը` մի քանի հազար հայ ընտանիք ապաստանել էին Էնզելիում, Պետրովսկում և այլուր («15 сентября Баку был занят турецкими и азербайджанскими частями, которые в течение трех дней занимались грабежом и резней мирного немусульманского населения, в первую очередь армянского, не сумевшего покинуть город. По различным данным, после захвата Баку было убито, точнее просто вырезано, от 30 до 35 тыс. человек»,  — М. Волхонский, В. Муханов, указ. раб., с. 92):
Baku.1919.mԲաքվի Հայոց ազգային խորհուրդը հենց այդ օրերին, երբ դեռ թարմ էին կոտորածների հետքերը, ձեռնարկեց Բաքվի հայության կրած զոհերի ու վնասների հաշվառում: Աշխատանքն ավարտվեց, ամփոփվեց ու հրատարակվեց հայերեն ու ռուսերեն (Բախշի Իշխանյան, «Բաքվի Մեծ սարսափները, Սեպտեմբեր, 1919 թ.», Թիֆլիս, 1920 թ.): Ստույգ հաստատվեց, որ երեք օրերի ընթացքում զոհվել է Բաքվի հայ բնակչության 30%-ը` մոտ 30 հազար մարդ: Անտանտի երկրների վերահսկիչ հանձնաժողովի կողմից ընդունված վնասների գումարը կազմել է 454 մլն ռուբլի (1914 թ. գներով): Տվյալները լրիվ չեն, քանի որ հաշվիչ հանձնաժողովը գործել է կարճ ժամանակում, իսկ բնակչության մի հոծ զանգված դեռ չէր վերադարձել Բաքու:
Դժվար չէ կռահել, թե ինչ ճակատագիր էր սպասում Բաքվի և ընդհանրապես Անդրկովկասի հայությանը, եթե պատերազմը չավարտվեր Գերմանիայի և նրա դաշ-նակից Թուրքիայի պարտությամբ` 1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի պայմանագրով, որի համաձայն Անտանտի զինված ուժերը` հանձին անգլիական զինվորական կազմավորումների, չմտնեին Բաքու, այնուհետև` Անդրկովկաս ու Թուրքիան ստիպված չլիներ հեռանալ տարածաշրջանից:
Նորաստեղծ թուրքական հանրապետության իշխանությունները շարունակեցին իրենց կնքահայր Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը և դա այնքան բացահայտ էր, որ նույնիսկ իրենք` Բաքվի թուրքերը չէին թաքցնում: «Հայերի մասին բոլորովին ահնար է խոսել կառավարության հետ: Նա կլանված է երկու խնդիրներով. ադրբեջանական բանակի սետղծմամբ և հայերին արմատախիլ անելով», — խոստովանում է մի թուրք` Ս. Ռաֆալովիչի ներկայությամբ («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.», էջ 300): Կառավարության մինիստրներից մեկը հետևյալ միտքն է արտահայտում` Բաքվում հայերի կոտորածների կապակցությամբ. «Պոչը կտրել ենք, գլուխը թողել»` նկատի ունենալով ողջ մնացած հայ երևելի, հեղինակավոր անհատներին (նույն տեղում, էջ 301):
Այսպիսով, 1918 թ. Թուրքիան, օգտվելով պատերազմական խառը վիճակից, կտրելով Անդրկովկասը Ռուսաստանից, ներխուժեց Անդրկովկաս:
Նա հետապնդում էր հստակ նպատակներ.
1) Կամուրջ ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի իրենց հավատակից թուրքալեզու աշխարհի հետ:
2) Ոչնչացնել այդ կամուրջին խոչընդոտող արևելահայությանը և Անդրկովկասում ապաստանած արևմտահայ բեկորներին և դրանով վերջնականապես լուծել հայկական հարցը:
3) Տիրել Բաքվի հարուստ նավթահանքերին և նավթ տրամադրել դաշնակից Գերմանիային:
4) Վերջնականապես Հարավային Կովկասը կտրել Ռուսաստանից:

Թուրքիային հաջողվեց իրագործել կամուրջի` Ադրբեջանի հանրապետության ստեղծումը ու պաշտպանել այն, և Բաքուն հաստատել իբրև վերջինիս մայրաքաղաք:

29.03.2014 - Posted by | History | , , , , , ,

1 комментарий »

  1. […] на армянском […]

    Уведомление от Алвард Газиян. Публикации — Геноцид армян в Азербайджане | 05.04.2020 | Ответить


Оставьте комментарий