araspel

index

Զորավար Արշակ Տեր-Ղուկասյան

Ալվարդ Ղազիյան

Արշակ Տեր-Ղուկասյանը ծնվել է Թիֆլիսում 1819 թ.: Հայրը` Տեր Հակոբյանը Հավլաբարի Շամխորեցոց եկեղեցու ավագ քահանա էր, ծնունդով շամխորեցի: Տեր Հակոբյանի բազմանդամ ընտանիքը հայ ժողովրդին պարգևել է ճշմարիտ հայրենասեր ու հայասեր զավակներ. նրա երկու որդիները բարձրագույն բժշկական կրթություն էին ստացել Պետերբուրգում, մի որդին իրավաբան էր, վարում էր բարձր պաշտոն, չորսը վաճառականներ էին, որոնցից Ալեքսեյը Բաքվի Մարդասիրականի հիմնադիրներից էր, երկուսը` Արշակն ու Արտաշեսը բարձրաստիճան զինվորական էին, վերջինս` փոխգնդապետ, զոհվել է երիտասարդ հասակում: Հատուկ մանրամասներ ենք հաղորդում Տեր-Ղուկասյանների մասին, մի ավելորդ անգամ հաստատելու համար ընտանեկան մթնոլորտի, դաստիարակության բացառիկ նշանակությունը անհատի` իբրև քաղաքացու կազմավորման գործում:

Ա. Տեր-Ղուկասյանը 1827-ին ընդունվում է և 1833-ին ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1835 թ. Տեր Հակոբյանի ավագ որդին` Սողոմոնը կրտսերներին տանում է կայսրության մայրաքաղաք` ուսումը շարունակելու: Արշակն ու Արտաշեսը ընդունվում են հաղորդակցության ճանապարհների ինստիտուտ: Ուսման հաջորդ տարում Արշակը շնորհիվ իր արտակարգ մաթեմատիկան ընդունակությունների` ստանում է պրապորշչիկի աստիճան: 1839-ին փայլուն կերպով ավարտելով ինստիտուտը, նշանակվում է աշխատանքի մայրաքաղաքում: Մի տարի անց տեղափոխվում է Թիֆլիս: Մինչև 1850 թ. նա ծառայում է Կովկասյան հաղորդակցության վարչությունում, անմիջական գործուն մասնակցություն ունենում Ռազմավիրական ճանապարհի կառուցմանը: Նրա ութնամյա գործունեությունը արժանանում է բարձր գնահատանքի. նրան պարգևատրում են ս.Աննայի 2-րդ և 3րդ աստիճանի շքանշանով, միաժամանակ [նա] ստանում է կապիտանի աստիճան:

1850 թ. Ա. Տեր-Ղուկասյանը վերջնականապես թողնում է քաղաքացիական ծառայությունը. Պետերբուրգում մի քանի զինվորական մասնագիտությունների քննություն հանձնելով` նա մայորի աստիճանով 1852 թ. վերադառնում է Կովկաս և ծառայության անցնում Ապշերոնյան գնդում:

Ապշերոնյան գնդում Ա. Տեր-Ղուկասյանը ծառայում է 14 տարի, հասնելով գնդի հրամանատարի պաշտոնի և գեներալ-մայորի աստիճանի: Գնդի ծառայությունը ծավալվում է Կովկասյան լեռնաբնակների դեմ մղվող պատերազմում: Շուրջ երեսնամյա պատերաղմը ավարտվում է լեռնականների պարտությամբ, Շամիլի գերեվարությամբ: Շամիլի ամրոց-բնակավայրի` Գունիբի առման ժամանակ, 1859 թ. օգոստոսին, վճռական դեր են խաղում Ապշերոնյան գնդի գործողությունները:

Մինչ այդ Ա. Տեր-Ղուկասյանի անունը, իբրև հմուտ ու խիզախ զինվորականի, արդեն հայտնի էր Կովկասյան բանակի զինվորների և հրամանատարների շրջանում: Գունիբի առման ժամանակ ցուցաբերած արտակարգ քաջության համար Ա. Տեր-Ղուկասյանը արժանանում է Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի, որը նրա կրծքին անձամբ ամրացնում է զորաբանակի հրամանատար իշխան Բարյատինսկին: Ապշերոնյան գնդում ծառայելու ժամանակ Ա. Տեր-Ղուկասյանը պարգևատրվում է «Ոսկե թրով», ս.Վլադիմիրի 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններով: Ապա նա արժանանում է մի բացառիկ պատվի ևս` թագավորը նրան նշանակում է «Ապշերոնյան գնդի ցմահ անդամ և զինակից սպա»: 1865 [նրան] շնորհվում է գեներալ-մայորի աստիճան, և նա նշանակվում է 19-րդ հետևակային գնդի հրամանատար, 1868-ին` Թերեքի Միջին շրջանի կառավարիչ, 1869-ին` 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար: Ռազմական և վարչական ասպարեզում Ա. Տեր-Ղուկասյանը ցուցաբերում է կազմակերպական բացառիկ հմտություն և ազնվություն` մեծագույն հարգանք վաստակելով զինվորների և բնակչության մոտ: Ռուսական արքունիքը ըստ արժանվույն գնահատելով նրա ծառայությունները, իբրև կալվածք նրան է տրամադրում 1000 դեսյատին հողատարածություն Ստավրոպոլի շրջանում, պարգևատրում բարձրագույն` ս.Աննայի առաջին աստիճանի շքանշանով:

Ա. Տեր-Ղուկասյանի ռազմական տաղանդը գերազանցապես բացահայտվում է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում: Պատերազմի նախօրյակին` 1876 թ. նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի աստիճան: Երբ սկսվում են ռազմական գործողությունները, նա նշանակվում է ռուսաց գլխավոր ուժերի ձախ թևի հրամանատար: Ձախ թևի մեջ մտնող զորամիավորումը հայտնի է Երևանյան ջոկատ անվամբ: Ջոկատը պետք է առաջ շարժվեր Բայազետի և Ալաշկերտի ուղղությամբ, ուր տեղակայված էր թուրքական բանակի մի խոշոր զորախումբ և վխտում էին քուրդ բազմաթիվ զինված աշիրեթներ: Մասնագետները նշում են, որ թշնամու ուժերը գերազանցում էին Երևանյան ջոկատին, որը բաղկացած էր 10 600 հետևակ և հեծյալ զինվորներից և ուներ 32 թնդանոթ: Իգդիրում նախապատրաստվելուց հետո ջոկատը ապրիլի 12-ին շարժվում է դեպի Բայազետ, մտնում Ալաշկերտի հովիտ: Թուրքերը, չսպասելով հարձակման, կամովին թողնում են Բայազետի բերդը: Զորավարը, բերդն ու քաղաքը գրավելուց հետո, շարժվում է առաջ, գրավում Դիադինը, Ալաշկերտն ու Զեյդկանը: Այս հաղթական երքի ժամանակ Երևանյան ջոկատին մեծապես օգնում է Բայազետի և Ալաշկերտի հովտի հայ բնակչությունը:

Ա. Տեր-Ղուկասյանը հաջողությամբ է իրականացնում Երևանյան ջոկատի խնդիրը. իր վրա գրավել և մասնատել թշնամու ուժերը, որպեսզի նվազի թուրքական բանակի գլխավոր ուժերի զորությունը Երզրումի ուղղությամբ: Երևանյան ջոկատի հաղթանակով են ավարտվում նաև Դրամդաղի և Դհարի ճակատամարտերը: Հատկապես վերջին ճակատամարտում տարած հաղթանակը` Մուխթար փաշայի 25-հազարանոց բանակի դեմ, Ա. Տեր-Ղուկասյանի ռազմական տաղանդի, խիզախ ու սառնասիրտ հրամանատարի գործողությունների արդյունք էր: Երևանյան ջոկատը կատարեց իր խնդիրը` օգնեց Սողանլուում պաշարված ռուսաց զորքին, որը պետք է օգնության գնար Զիվինի վրա արշավող հիմնական ուժերին: Սակայն Զիվինի առաջին գրոհը հաղթանակ չի բերում ռուսներին և Տեր-Ղուկասյանը նահանջի հրաման է ստանում: Այս հրամանի առիթով զորավարը դառնացած ասում է. «Ոչ մի տեղ ո´չ տեսել, ո´չ կարդացել եմ, որ փրկվելու համար զորապետը նահանջի, ընդհակառակը` փրկություն փնտրող զորքը հարձակումով առաջ է գնում, իսկ ես ստիպված եմ ետ նահանջել»:

1877 թ. հունիսի 16-ին Երևանյան ջոկատը սկսում է նահանջը: Առջևում Զեյդկանն էր. թուրք և քուրդ զինված հրոսակախմբերը, ետևում` կրնկակոխ հետապնդող Ֆայիկ փաշայի 10 000 զորաբանակը, վատթարագույն ճանապարհները և դրանց գումարած` պարենի և զինամթերքի նվազագույն քանակը: Դրությունն ավելի է բարդանում, երբ հայտնի է դառնում, որ շուրջ երեք հազար հայ ընտանիք (20 000 մարդ) խույս տալով թուրք և քուրդ բնակչության վրիժառությունից, որոշել են գաղթել Երևանի նահանգ: Զորավարը բնականաբար գաղթողներին վերցնում է իր զորաբանակի պաշտպանության տակ: Երևանի ջոկատը ծանրաքայլ, դանդաղ առաջ է շարժվում, հաջողությամբ ետ մղելով բոլոր հարձակումները և չտալով ոչ մի նշանակալից կորուստ, հունիսի 24-ին հասնում է ռուսական սահմանը: Ահա այս նահանջն է, որ համեմատվում է 10-հազարանոց հույն զինվորների` «10 հազար անմահների» նահանջի հետ, և որը նույնպես անցել է Հայաստանի տարածքով: Ինչպես վկայում են զորավարի զինակից-ականատեսները, այս դժվարագույն ճանապարհը հաղթահարելու ընթացքում Ա. Տեր-Ղուկասյանը կիսում է իր շարքային զինվորներին բաժին ընկած բոլոր զրկանքները, սնվում նրանց նման, քնում մերկ գետնին` իր թիկնոցով փաթաթված:

Առանձին հետաքրքրության է արժանի Բայազետում գտնվող փոքրաթիվ կայազորի ճակատագիրը: Տակավին ճանապարհին զորավարը կայազորի հրամանատարից նամակ է ստանում, որ բերդը պաշարված է և եթե անհապաղ օգնություն չհասնի, բոլորը կզոհվեն ոչ թե թշնամու գնդակից, այլ սովից, ծարավից և հիվանդություններից: Նամակաբերը մի հայ երիտասարդ էր, Սամսոն Տեր-Պողոսյանը, մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենքի» Վարդանի նախատիպը: Մինչ Խենթը բերդից ուղարկած բոլոր նամակատարները զոհվել էին կես ճանապարհին: Սակայն զորավարը չէր կարող անհապաղ օգնության գնալ կայազորին, անհրաժեշտ էր ջոկատը և գաղթող հայ բնակչությունը ապահով հասցնել ռուսական սահման: Հունիսի 26-ին քարավանը հասնում է Իգդիր: Զորավարը մի սրտառուչ ճառով դիմում է զինվորներին` կոչ անելով օգնության գնալ Բայազետին: Հաջորդ օրը ջոկատը շտապում է Բայազետ և հունիսի 28-ին բերդն ու քաղաքը գրավված էին արդեն, 23 օր անասանելի դժվարություններ կրած ու հյուծված կայազորը փրկված էր: Սակայն ջոկատին կարգադրված էր թողնել Բայազետը և Երևանյան ջոկատը վերադառնում է Իգդիրի զորակայան: Անկորուստ նահանջի և Բայազետի առման համար Տեր-Ղուկասյանը պարգևատրվում է Սպիտակ արծվի 1-ին և ս.Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշաններով:

Ռուսական բանակը անհաջողություններ էր կրում այս ժամականամիջոցում: Անհաջողությամբ է վերջանում նաև Իգդիրի մոտ տեղի ունեցած ճակատամարտը: Կողմերի ուժերը չափազանց անհավասար էին, իսկ Ա. Տեր-Ղուկասյանի պահանջած օգնությունն ուշացավ: Սակայն թուրքական բանակը մնաց տեղում, նրա մուտքը Երևանի նահանգ, որ նրան անհանբեր սպասում էր տեղի թուրքական բնակչությունը, կասեցվեց: Ալաջայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո Իգդիրի մոտ տեղակայված զորամիավորումները կորցրին իրենց ռազմավարական նշանակությունը: Թուրքական զորքը շտապ հեռացավ, այնքան արագ, որ Երևանյան ջոկատը այնպես էլ չհասավ նրան:

Դևե Բոյունի ճակատամարտի օրերին Երևանյան ջոկատի հինմական խնդիրն էր կտրել թշնամու դեպի Էրզրում նահանջի ճանապարհը: Ջոկատն այս խնդիրը ևս կատարում է փայլուն կերպով:

1878 թ. հունվարին Ա. Տեր-Ղուկասյանը նշանակվում է ռազմավարական կարևոր նշանակություն ստացած Ախալցխյան ջոկատի հրամանատար: Իսկ Դևե Բոյունի ճակատամարտի համար նա պարգևատրվում է ս.Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով:

Ահա այսպես ավարտվում է տաղանդավոր զորավարի, համեստ ու զգայուն մարդու ռազմական-զինվորական գործունեությունը: Ռազմական գործի ու պատմության մասնագետները գտնում են, որ Ա. Տեր-Ղուկասյանը 1877-1878 թթ. պատերազմի ընթացքում ստիպված է եղել իր փոքրաթիվ ուժերով ուղղել այլոց գործած սխալները` սեփական նպատակներն անտեսելով, հարմարվել ուրիշի գործողություններին: Նա արտակարգ տոկունությամբ, համբերությամբ տարել է իրեն բաժին ընկած դժվարությունները, ամենաճակատագրական պահերին եղել սառնասիրտ, երբեք չի կորցրել ինքնատիրապետումը` հատկանիշներ, որ մշտապես վստահություն ու հավատ են ներշնչել իր զինակիցներին ու զինվորներին:

Հայ ժողովուրդը 1877-1878 թթ. պատերազմի ընթացքում հայտնվել էր իրադարձությունների ոլորապտույտում և կրեց խոր ազդեցությունը ռազմական գործողությունների պարտության և հաղթանակի: Մասնավոր ուշադրության են արժանի Րաֆֆու «Ջալալեդին» ու «Խենթը», որոնք ամենասերտ կերպով առնչվում են Երևանյան ջոկատի, նրա հրամանատարի գործունեությանը: Մեծանուն վիպասանը սիրով ու պատկառանքով է նկարագրել զորավարին, իսկ «Խենթի» հերոսի` Վարդանի մասին վերը նշվեց: Ռուս ժամանակակից պատմավիպասան Պիկուլի «Բայազետ» վեպը բերդի կայազորի պաշարման ու ազատագրման գեղարվեստական պատմությունն է, ուր, ի դեպ, հիշատակվում է նաև հայ նամակատարի դրվագը: Հայ ժողովրդկան երգիչները ևս գովերգել են սիրելի զորավարին, նրա մասին հյուսված երգերից մեզ է հասել մի ամբողջական ստեղծագործություն, որից բերում ենք մի քառյակ.

Էկավ հասավ Վանա ծովուն,

Ուրախություն բերեց կայուն,

Ուրախություն Տեր-Ղուկասով,

Դրախտական Տեր-Ղուկասով:

1877-1878 թթ. պատերազմի ավարտից հետո Ա. Տեր-Ղուկասյանը առողջության վատացման պատճառով հրաժարվում է առաջարկված բոլոր բարձր պաշտոններից և 1880 թ. մեկնում արտասահման բուժվելու: Մեկ տարի անց վերադառնում է և 1881 թ. հունվարի 8-ին հանկարծակի կարճատև հիվանդությունից հետո վախճանվում է հյուրանոցում, այդպես էլ սեփական հարկ ու տուն չունենալով:

Թիֆլիսի ռազմական և քաղաքացիական բարձր իշխանությունները, ողջ բնակչությունը, անկախ ազգությունից սգում են իրենց սիրելի համաքաղաքացու մահը, մասնակցում հուղարկավորությանը: Զորավարի թաղման արարողությանը ներկա էին և երախտապարտ ալաշկերտցիները, նրանց ծաղկեպսակը «Ալաշկերտի հայ գաղթականներից» մակագրությունն ուներ: Թաղման հանդեսի ճառախոսներից մեկը առատություն է մաղթում այն աղբյուրին, «որ տվել է Շելկովնիկյաններ, Լազարյաններ, Տեր-Ղուկասյաններ, որպեսզի նա տա սրանց արժանավոր հաջորդներ ի փառս և ի պարծանս ազգի»:

1 комментарий »

  1. […] ԶՈՐԱՎԱՐ ԱՐՇԱԿ ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ […]

    Уведомление от Հետադարձ հայացք « araspel | 15.03.2015 | Ответить


Оставьте комментарий