araspel

index

Հովհաննես Թումանյանը և Խատիսյան ընտանիքը

© https://araspel.wordpress.com/

հեղինակային հրապարակում

Ալվարդ Ղազիյան 

Մարդկային հարաբերությունների համակարգում որոշակի բարոյական արժեք ունեն անձնական փոխհարաբերությունները, ընկերությունը, բարեկամությունը: Հատկապես եթե դրանք խարսխվում են գաղափարների, նպատակների ընդհանրության վրա:

Հայոց նորագույն պատմության մեջ այդպիսի մի վառ օրինակ է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Խատիսյան ընտանիքի բարեկամ դարձած ծանոթությունը: Այն սկիզբ է առել 19-րդ դ. վերջերին և գոյատևել է մինչև 20-րդ դ. 10-ական թվականները և ուղղակի ազդեցություն է թողել հայկական հասարակական կյանքում: Այդ ծանոթությունը տեղի է ունեցել Թիֆլիսում, ուր կենտրոնացված էր արևելահայոց հոգևոր, մշակութային, ազգային-հասարակական կյանքը:

Ընտանիքի մայրը` Մարիամ Խատիսյանը ծնվել է 1845 թ. Թիֆլիսում, քաղաքում հեղինակություն ու հարգանք վայելող Ղամբարյանների ընտանիքում: Մարիամի հայրը` Ստեփան Ղամբարյանը Թիֆլիսի նահանգական դատախազն էր, իսկ եղբայրը` Յուրի Ղամբարյանը մասնագիտությամբ իրավաբան էր, իրավագետ` Երևանի համալսարանի առաջին ռեկտորը:

1863 թ. Մարիամն ամուսնանում է նույնքան պատվավոր Խատիսյան ընտանիքի որդու` Հովհաննես Գաբրիելի Խատիսյանի հետ, որը մասնագիտությամբ գյուղատնտես էր, ժամանակի առաջադեմ գաղափարներով օժտված անձնավորություն, պետական պաշտոնյա: Երկու ընտանիքներն էլ իրենց միջավայրում հայտնի էին ազգային հասարակական գործունեությամբ, հատկապես կրթական ասպարեզին բերած նպաստներով ու նվիրատվուծություններով:

Մ. Խատիսյանը կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև, ամուսնանալով և լինելով բազմանդամ ընտանիքի մայր` նա ունեցել է հինգ զավակ (4 տղա և 1 դուստր) ժամանակ է հատկացրել նաև հասարակական ու գրական գործունեությանը:

Մ. Խատիսյանը Կովկասի Հայուհյաց բարեգործական ընկերության վարչության երկարամյա անդամներից էր, նաև նախագահը` 1882, 1884 և 1907 թթ.:

Մ. Խատիսյանը առաջին հայ կին-վիպագիրն է Կովկասում: Գրական շրջանակներում նա հայտնի էր Մարիսյան ծածկանունով: Նրա գրչին են պատկանում «Հեղինե» (1890), «Փեսա որոնողներ» (1894), «Նոր ճամապարհի վրա» (1894), «Դժբախտ կին» (1899) վեպերը: Նրա վեպերը նվիրված են ժամանակին հրատապ համարվող կանանց հուզող կրթության, ազատ սիրո վրա ստեղծված ընտանիքի, կնոջ և տղամարդու քաղաքացիական իրավահավասարության հարցերին: Իր ստեղծագործություններում վիպասանուհին արծարծում է ազատագրական շարժման հետ առնչվող նորօրյա մտորումներ, պաշտպանում փոխադարձ սիրո վրա խարսխված ընտանիքը, շեշտում լուսամիտ կնոջ, մոր դերը հասարակության առաջընթացում: Վախճանվել է 1914 թ. փետրվարի 9-ին Թիֆլիսում:

Մ. Խատիսյանը Հովհ. Թումանյանի հետ բնականաբար ծանոթ են եղել իբրև աչքի ընկնող ու նույն ասպարեզում գործող հասարակական գործիչներ, իսկ ավելի ուշ` իբրև խնամիներ: 1914 թ. փետրվարի 27‑ին Հովհ. Թումանյանը հրավիրում է Հայ գրողների Կովկասյան ընկերության հատուկ նիստ, նվիրված վիպասանուհու հիշատակին: Բացման խոսքում ընկերության նախագահ Հովհ. Թումանյանը Մ. Խատիսյանին բնութագրում է իբրև Կովկասում առաջին կին վիպասանահու: Մ. Խատիսյանի գրական գործունեության մասին «Հայ կնոջ դերը գրականության մեջ» թեմայով զեկուցում է կարդում Սոֆյա Դանիել բեկը:

Խատիսյան ընտանիքում նշանակալից է եղել մոր` Մարիամի դերը: Հայրը, լինելով պետական պատասխանատու պաշտոնյա, բարեխիղճ ու ազնիվ անձնավորություն, ծանրաբեռնված է եղել աշխատանքով, մի հանգամանք, որը նրան վաղաժամ գերեզման է տարել: Զավակների դաստիարակության ու կրթության հոգսը ընկել է մոր ուսերին: Եվ նա ջանք չի խնայել զավակներին պատշաճ, ժամանակի հասարակական պահանջներին համահունչ, բարձրագույն կրթություն տալու համար: Ընտանիքում խոսակցական լեզուն եղել է ռուսերենը, բայց գերիշխել է ազգային ոգին: Մարիամը իր որդիների հոգում պատվաստել է ազգային արժանապավության, հայրենասիրության, հասարակությանը պիտանի լինելու գաղափարներ: Նա իր անձնական օրինակով ցույց է տվել այն գաղափարների ճշմարտությունը, որ իր ստեղծագործություններում քարոզել է: Մ. Խատիսյանի չորս որդիներն էլ բարձրագույն կրթություն են ստացել ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, հետագայում դարձել ազգային, պետական ու քաղաքական աչքի ընկնող գործիչներ:

Խատիսյան Կոնստանդին Հովհաննեսի (1864 — 1913), ընտանիքի անդրանիկ որդին, կրթությամբ քիմիկոս-ճարտարագետ էր: Ազգային հասարակական գործիչ, մասնագիտությամբ լեռնային ճարտարագետ:

Երիտասարդ տարիքում տարվել է ազգային-ազատագրական գաղափարներով. մեկն է «Դաշնակցություն» կուսակցության հիմնադիրներից: Այնուհետև հեռացել է քաղաքական ասպարեզից, հաստատվել Բաքվում, զբաղվել գործարարությամբ, հասարակական մշակութային գործունեությամբ: 1902 թ. անդամ` Բաքվի Հայոց Մարդասիրական ընկերության, հիմնադիր` Բաքվի Հայոց Կուլտուրական միության (1906) և մինչև մահ անփոփոխ նախագահ: Կուլտուրական միության մասնաճյուղերից մեկը զբաղվում էր չքավոր հայ գրողներին նպաստներ ու նրանց զավակներին կրթաթոշակներ հատկացնելու խնդրով, մի այլ մասնաճյուղ՝ հրատարակչական հարցերով: Հովհ. Թումանյանն իբրև Հայ գրողների Կովկասյան ընկերության նախագահ բազմիցս առնչվել է միության ու նրա նախագահի հետ: Միության ջանքերով է 1908 թ. լույս տեսել Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն: Սակայն բանաստեղծի ծանոթությունը Կ. Խատիսյանի հետ սկսվել է շատ ավելի վաղ, իր իսկ վկայությամբ՝ տակավին Կ. Խատիսյանի Պետերբուրգում ուսանելու տարիներին: Թումանյանը Կ. Խատիսյանի մահվան կապակցությամբ ունեցած ելույթում նրան մտերմաբար «Կոստյա», «թանկագին բարեկամ» է անվանում: Նրան բնութագրում է որպես «Խոշոր հայ». «Նա հայությունը կրում էր ինչպես մի սրբազան դրոշակ, բռնած իր գլխից շատ վեր ի տես ամբողջ աշխարհի…»: Նույնը նա շեշտում է Խատիսյան ընտանիքին, Կուլտուրական միության վարչությանն ուղղված ցավակցական հեռագրերում: Նույն հիշատակի խոսքում Հովհ. Թումանյանը չափազանց բարձր է գնահատում հանգուցյալի անշահախնդիր ու ազնիվ հասարակական գործունեությունը:

ImageԱլեքսանդր Խատիսյանն` ընտանիքի երկրորդ որդին (1874 — 1945) մասնագիտությամբ բժիշկ էր, ազգային-հասարակական, պետական գործիչ: Նրա զբաղեցրած պետական, հասարակական պաշտոնների թվարկումն անգամ լիուլի բնութագրում են նրա անձն ու գործը. Թիֆլիսի ընտրովի քաղաքագլուխ (1910 -1917 թթ.), Ազգային բյուրոյի փոխնախագահ (1912 — 1917 թթ.), Համառուսաստանյան քաղաքների միության Կովկասյան բաժանմունքի նախագահ (1914 — 1918 թթ.), Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ (1917 — 1918 թթ.), Հայաստանի Առաջին հանրապետության արտաքին գործոց նախարար (1918 — 1919 թթ.), ամենաերկարակյաց մինիստր-նախագահ (1919 — 1920 թթ.), Հայաստանի Առաջին հանրապետության առաջին և վերջին դիվանագիտական պատվիրակությունների ղեկավար Թուրքիայի հետ տարվող բանակցություններում ու պայմանագրեր կնքող: 1920 թ. դեկտեմբերին բոլշևիկների կողմից նա արտաքսվեց Հայաստանից, մի քանի օր Թիֆլիսում հյուրընկալվեց Հովհ. Թումանյանի տանը և ընդմիշտ հեռացավ հայրենիքից, հանգրվանելով Փարիզում, ուր և կնքեց իր մահկանացուն:

Հովհ. Թումանյանը ծանոթացել է Ալ. Խատիսյանի հետ 1905 — 1906 թթ. հայ-թաթարական զինված ընդհարումների ժամանակ: Թումանյանը հաշտարար առաքելությամբ գործում էր Բորչալուի գավառում, իսկ Խատիսյանը միջոցներ էր ձեռնարկում Թիֆլիսի հայությանը պաշտպանելու նպատակով: 1910 թ. սեպտեմբերի 20-ին Ալ. խատիսյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքագլուխ: Թումանյանը պետք է բավականաչափ ծանոթ լիներ Խատիսյան գործչին ու պետական պաշտոնյային, որպեսզի սրտանց շնորհավորեր նրան այդ կապակցությամբ:

Ալ. Խատիսյանը` իբրև «Դաշնակցության գործի» վկա 1912 թ. հանդես է եկել Պետերբուրգի սենատում: Նրա ելույթը տևել է 3 ժամ և վերաբերվել է ամբողջ գործին: Իր ելույթում նա արդարացրել ու պաշտպանել է նաև Հովհ. Թումանյանին, որը մեղադրվում էր այդ գործով և գտնվում էր կալանքի տակ (11.11.1911 — 20.03.1912), մասնավորապես նշելով, որ Թումանյանը Բորչալու է գնացել թաթար հասարակության ներկայացուցիչների առաջարկությամբ` իբրև հեղինակավոր անձ և նրա բոլոր գործողությունները հետապնդել են երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակ: Այնուհետև նրանք համատեղ գործել են Հայոց Ազգային բյուրոյի կենտրոնական կոմիտեի կազմում. Ալ. Խատիսյանը փոխնագահ էր, իսկ Հովհ. Թումանյանը բյուրոյի անդամ:

1919 թ. փետրվար-մարտ ամիսներին նշվում էր բանաստեղծի ծննդյան 50 և գրական գործունեության 30-ամյակները: Հայաստանի հանրապետության մինիստր-նախագահի պաշտոնակատար Ալ. Խատիսյանը շնորհավորում է նրան և հրավիրում Երևան՝ հոբելյանը հայրենիքում նշելու: Ալ. Խատիսյանը Թումանյանին անվանում է «հայ գրականության զարդ»: Պատասխան շնորհավորական հեռագրում Հովհ. Թումանյանը համաձայնվում է Խատիսյանի առաջարկին, սակայն ցավոք ցանկությունը մնում է անկատար: Լինելով մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Հովհ. Թումանյանը տարբեր առիթներով դիմել է Հայաստանի կառավարության ղեկավարին, մասնավորապես` որպես նախագահ Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ բյուրոյի, նա հարկադրված է եղել ֆինանսական օգնություն խնդրել, բյուրոյի գործունեությունը ավարտին հասցնելու նպատակով, սակայն ապարդյուն: Ալ. Խատիսյանը նախքան հայրենիքը թողնելը 1920 թ. դեկտեմբերին ապրել է Հովհ. Թումանյանի տանը:

Խատիսյան Գևորգ Հովհաննեսի (1876 — 1935), Խատիսյան ընտանիքի երրորդ որդին, մասնագիտությամբ` իրավաբան, երդվյալ հավատարմատար, Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1912), ազգային-հասարակական գործիչ, զբաղվել է նաև փաստաբանությամբ: Մասնակցել է Անդրկովկասի վարչական վերաբաժանման հանձնաժողովի աշխատանքներին (1916 — 1918), հեղինակ` առաջարկվող մի նախագծի ու քարտեզի, կամավորական շարժման գործուն կազմակերպիչներից: Հայաստանի Առաջին հանրապետության պաշտոնյա` Կառավարության գործերի կառավարիչ (1919 — 1920), Կարսի մարզի Պետական գույքերի վարչության լիազոր (1920), Խորհրդարանի պատգամավոր (1919): Հովհ. Թումանյանը նրան ընտանեվարի անվանել է Գիգա:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս, դասախոսել տեղի համալսարանում, այնուհետև՝ Մոսկվա, որտեղ և վախճանվել է:

Գ. Խատիսյանն ամուսնացած է եղել Հովհ. Թումանյանի Աշխեն դստեր հետ, նրանք ունեցել են մի որդի, որը կրել է բանաստեղծ պապի ազգանունը՝ Հովիկ Թումանյան (1914 — 1945):

«Դաշնակցության գործը» Ս.Պետերբուրգի սենատում լսելու ժամանակ Գ. Խատիսյանը 1911 թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է այդ գործով մեղադրյալ, կալանքի տակ գնտվող Հովհ. Թումանյանի պաշտոնական դատապաշտպան: Թումանյանը դստերը` Նվարդին ուղղված նամակում (23.02.1912) գրում է. «Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի (Սրվանձտյան) և հաշտարխանցիների գործը — որ բոլորը զարմացան — միանգամայն հրաշալի ամենաառաջնակարգների նման: Բոլոր փաստաբանները շատ գովեցին»:

1912-1913 թթ. ընթացքում Հովհ. Թումանյանն ու Գ. Խատիսյանը քանիցս դիմել են Թիֆլիսի նահանգի Գյուղատնտեսության և Պետական գույքերի վարչությանը` Բորչալուի գավառի Խաչիգեղ բնակավայրի մերձակայքում հողամաս ձեռք բերելու նպատակով, որտեղ նրանք մտադիր էին օխրայի հանքանյութի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ ծավալել: Ի վերջո նրանց խնդրանքը մերժվել է:

Խատիսյանների չորրորդ որդին` Լևոնը մասնագիտությամբ լեռնային ճարտարագետ էր: 1920 թ. սեպտեմբերին, երբ թուրքական հրոսակները ներխուժեցին Հայաստան, նա գտնվում էր սահմանամերձ Օլթիում, քարածխի հանքերի պաշարները հետազոտելու և արդյունահանելու կառավարական առաջրանքով: Հենց Օլթիում էլ, ըստ ականատեսի վկայության, նա վիրավորվում է: Թուրք զինվորականն իմանալով գերի ընկած վիրավորի ով լինելը տեղնուտեղը գնդակահարում է նրան (1920թ.):

Հովհ. Թումանյանի Համլիկ որդին ծառայել է Առաջին հանրապետության մինիստր-նախագահ Ալ. Խատիսյանի աշխատակազմում, եղել է նաև հատուկ հանձնարարությունների սպա:

Թումանյանը ծանոթ է եղել նաև ընտանիքի դստեր՝ Նինա Հովհաննեսի Խատիսյանի, ինչպես նաև կրտսեր որդու՝ Լևոնի հետ, տեղյակ վերջինիս 1920 թ. հոկտեմբերին Օլթիի շրջանում զոհվելու փաստին:

Այս մտերիմ բարեկամությունը` Հովհաննես Թումանյանի և Խատիսյան ընտանիքի միջև ցավոք ավարտվեց քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով:

Реклама

01.06.2013 - Posted by | Armenians, History, publishing | , , ,

Комментариев нет.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: